Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Անմոռանալի, եթերային մանկություն

Անմոռանալի, եթերային մանկություն
16.01.2024 | 18:03

Էս հսկա, ծանր հեռուստացույցի վրա ընդամենը 12 ալիք կար՝ ինչպես ժամացույցի թվատախտակին. հենց թվատախտակի նման էլ դասավորված էին թվերը՝ վերևում՝ տասներկուսը, ներքևում՝ վեցը և այլն։ Արտադրողների մտքով անգամ չեր անցնում, որ դրանից ավելի շատ ալիքներ կարող են լինել. էդքան ի՞նչ պիտի հաղորդեն։ Իրականում՝ տասներկու ալիք, իհարկե, չկար. ընդամենը երկու ալիք էր՝ առաջին ալիքը՝ հայկականը, ու ութերորդը՝ Մոսկվան։ Ավելի ուշ ավելացավ 11-րդ ալիքը՝ երկրորդ հայկական հեռուստատեսությունը, որ երեկոյան մի քանի ժամ էր աշխատում, ու հինգերորդ ալիքը՝ երկրորդ ռուսական ալիքը, որ էլի երեկոյան էր միանում։ Դրանց ավելանալն իրադարձություն էր. կարծես, աշխարհը երկու անգամ մեծացավ։ Պուլտ, իհարկե, չկար. ալիքը փոխելու համար պիտի մոտենայիր հեռուստացույցին, խոնարհվեիր, ինչպես նորին գերազանցության առաջ, ու բռնակը պտտեիր չորս գործող ալիքներից մեկի վրա։ Երբ էլ միացնեիր, էդ չորս ալիքներից մեկով մի հետաքրքիր բան, անպայման, հաղորդում էին, որ կարելի էր նայել, մի նոր բան իմանալ, հաճելի պահեր ապրել։

Հայկական հեռուստատեսությունն էնքան հետաքրքիր էր, որ Մոսկվա էինք միացնում մենակ, երբ մի լավ ֆիլմ էին ցույց տալիս կամ մի քանի հայտնի հաղորդումները նայելու՝ «Կենդանիների աշխարհում», «Կինոճանապարհորդությունների ակումբ» և այլն։ Մեր հեռուստաթատրոնի բեմադրությունները ֆիլմերին չէին զիջում, կլանված նայում էինք, երգիծական հաղորդումները լի էին համով, դիպուկ հումորով, երաժշտական հաղորդումները՝ միշտ հետաքրքիր, բարձր մակարդակի։ Բա մեր ֆիլմերը՝ «Մենք ենք մեր սարերը», «Պեպո», «01-99», «Շրթներկ համար 4», «Ոսկե ցլիկը», «Հայրիկ», «Նվագախմբի տղաները», «Սարոյան եղբայրները»․․․

Շաբաթվա վերջին փոստով ստանում էինք հաջորդ շաբաթվա ծրագիրը՝ «Եթերում է Երևանը» թերթը, ծերից ծեր կարդում, մատիտով նշում մեր սիրած ֆիլմերը կամ հաղորդումները ու սկսում սպասել։ Դրանք էդ շաբաթվա մեր ջերմ, հաճելի ժամերն էին լինելու։ Էդ ժամերն ազատ էինք թողնում, որ ոչինչ չխանգարեր։ Եթե գիտեինք, որ հինգշաբթի երեկոյան, ժամը 20։30-ին «Եռանկյունին» են ցույց տալու, երկուշաբթի օրվանից սկսում էինք սպասել։ Ամեն օր թերթը բացելիս աչքներովս էր ընկնում մատիտով շրջանակի մեջ առած տողը, ու հաճելի ժամանցի սպասումից տրամադրությունը բարձրանում էր։ Կոմունիստական քարոզչությունը, իհարկե, շատ էր, բայց մենք մտքում անվրեպ զտում էինք դրա ամենաանշան դրսևորումն անգամ ու վայելում զտված, մաքուր ֆիլմը կամ հաղորդումը։ Դա շատ հեշտ էր ու չէր խանգարում վայելել հեռուստատեսությունը, համարյա չէինք էլ նկատում։

Մենակ թերթի անունն էր տարօրինակ՝ «Եթերում է Երևանը». ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչու ա Երևանը եթերում ու, ընդհանրապես, ինչ ա նշանակում եթերել. կարծում էի, թե դա ինչ-որ բարդ հեռուստատեսային տերմին ա։ Հետո հասկացա, որ եթերել նշանակում էր մեզ անմոռանալի, եթերային մանկություն նվիրել, որ հետո՝ ցուրտ օրերին, ջերմանանք մեր հիշողություններով։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6961

Մեկնաբանություններ